AM
15 Փետրվար 2011 - 12:26 AMT

Երևանում կնշեն Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միզոյանի հոբելյանները

«Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն» ծրագրի շրջանակներում ընթացիկ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Երևանում նախատեսվում է անցկացնել երկու հոբելյանական միջոցառում` «Բաբաջանյան ՖԵՍՏ» և «Միրզոյան ՖԵՍՏ» համերգաշարերը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբից տեղեկացրեցին, որ հնարավոր է փառատոնը կոչվի նաև «Բաբաջանյան և Միրզոյան ՖԵՍՏ»:

Թեպետ հոբելյանական համերգների մասին տեղեկատվություն գրեթե չկա, սակայն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբից տեղեկացրեցին, որ միջոցառումների հիմնական նպատակը հայ դասական երաժշտությունը հանրության շրջանում տարածելն է: Համերգների շրջանակներում բացի Բաբաջանյանի և Միրզոյանի ստեղծագործություններից հնչելու են նաև ժամանակակից երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Նշենք, որ «Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն» ծրագրի մեկնարկը տրվել է 2010թ.-ի դեկտեմբերի 11-16-ը Երևանում կայացած «Սարյան ՖԵՍՏ»,-ով, որը զուգադիպել էր Ղազարոս Սարյանի 90-ամյակին: