AM
17 Փետրվար 2011 - 13:07 AMT

Իրանում հեղափոխության փորձը ձախողվեց, գտնում է հայ փորձագետը

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանի կարծիքով, Թունիսի և Եգիպտոսի նմանությամբ Իրանում հեղափոխություն հրահրելու փորձը ձախողվեց: Նա հավելել է, որ Իրանում ընդդիմության ելույթների նպատակը հանրության համախմբումն էր 2012 խորհրդարանական ընտրություններից առաջ:

Սարուխանյանը նշել է նաև, որ իշխանափոխությունն Իրանում շահավետ է ԱՄՆ-ին ու Արևմուտքին, սակայն ընդվզումն երկրում պայմանավորված է հասարակական դժգոհությամբ և բողոքների ետևում հին իշխանական վերնախավն է:

Սարուխանյանն ասել է նաև, որ նույնիսկ եթե ընդդիմությանը հաջողվի իշխանության գլուխ գալ, դա հազիվ թե անդրադառնա հայ-իրանական հարաբերությունների վրա: Ըստ նրա, միակ սպառնալիքը Իրանում իրավիճակի լիակատար ապակայունացումը կլինի, ինչը բացասաբար կանդրադառնա ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի վրա: