Հայաստանում նշում են հայ մեծ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 142-ամյակը: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականին Դսեղ գյուղում (Հայաստանի Լոռու մարզ) հոգևորականի ընտանիքում: Գրել սկսել է 1880-ականների կեսին: Լայն ճանաչում է ստացել «Բանաստեղծություններ» (1890-1892) ժողովածուի լույս տեսնելուց հետո: Շատ ստեղծագործություններում, ինչպիսիք են «Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Անուշ» պոեմը, Թումանյանն անդրադառնում է հայ գյուղացիության ծանր կյանքին: 1899 թվականին Թիֆլիսում ստեղծում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամն էին հայ ականավոր բանաստեղծներ, արձակագիրներ, նկարիչներ և երգահաններ:
Հայ մեծ գրողի 142-ամյակի կապակցությամբ Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանը մի շարք միջոցառումներ կիրականացնի: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը հաղորդեց, որ փետրվարի 19-ի առավոտյան մեկնարկել է «Թարգմանչաց» մրցույթը: Կայացավ նաև «Հասկեր» տարեգրքի շնորհանդեսը: Տոնական միջոցառումների շրջանակներում «Ռոտոնդա» մանկապատանեկան թատերախումբը ելույթ ունեցավ «Սուրբ Սարգիս» ներկայացումով:
Հայաստանում Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշում են նաև գրքի նվիրատվությամբ: Նարինե Թուխիկյանը հայտնեց, որ այդ տոնի առթիվ Թումանյանի անվ. տուն-թանգարանը գրքեր է ուղարկել Հայաստանի մարզեր: 16:00-ին տուն-թանգարանում գրական երեկո կկայանա:






