Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը փոքր է, սակայն, բացառված չէ, որ հրադադարի խախտումները կարող են վերաճել ավելի ծավալուն գործողությունների: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները պատերազմի վերսկսման դեպքում»,-ասել է Մանոյանը: Ըստ նրա, միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի թույլ չտա, որ պատերազմական գործողությունները վերսկսվեն: «Պատերազմը կանխելու համար միջազգային հանրությունը պետք է սաստի Բաքվին»,-ասել է Մանոյանը:






