14.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ղարաբաղյան սահմանի երկայնքով ադրբեջանական ռազմական ինքնաթիռները կատարում են հետախուզական թռիչքներ, հաղորդել են այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի մամլո ծառայութոյւնում:
ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ ղարաբաղյան սահմանի ուղղությամբ տեղակայված Ադրբեջանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացնում, որոնց մասնակցում են ինչպես ցամաքային, այնպես էլ ռազմա-օդային զորքերը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս օրերին պլանային զորավարժանքներ անց են կացվում նաեւ ԼՂՀ Պաշտպանության բանակում, ինչի մասին ադրբեջանական կողմը տեղեկացված է եղել: Ղարաբաղյան բանակի մամլո ծառայությունը ուշադրություն է դարձնում այն փաստին, որ Ադրբեջանը չի տեղեկացրել ԼՂՀ-ին պատրաստվող զորավարժանքների մասին: