AM
14 April 2001 - 15:23 AMT

ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿԸ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ

14.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ֆլորիդայում տեղի ունեցած ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ընթացքում քննարկվել են այն հայեցակարգերի իրականացման հնարավոր ժամկետները, որոնք ավելի վաղ, Փարիզում, քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Ժակ Շիրակի հետ:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամլո ծառայութոյւնում, այս մասին հյատարարել է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցիչ, որը ցանկացել է անանուն մնալ:
Նա նշել է, որ միջնորդների նոր առաջարկը, որի մասին հայտարարել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ֆլորիդաոյւմ կայացած բանակցությունների վերջում ընդունված համատեղ կոմմյունիկեում, առայժմ ձեւավորված չէ: Սակայն երկու երկրների նախագահները եւ միջնորդները զգում են, որ Քի Վեստում զգալի առաջընթաց է գրանցվել` խաղաղ համաձայնագրի մանրամասների եւ ուրվագծերի մշակման վերաբերյալ, ասել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը: Նրա խոսքերով, երկու նախագահները վստահ են, որ խաղաղ համաձայնագիրը հնարավոր է միայն երկկողմ լուրջ փոխզիջումների առկայության դեպքում: