AM
4 March 2011 - 11:08 AMT

Հայաստանի բնապահպանները պաշտպան են կանգնել գայլերին

«ՀՀ կառավարության որոշումը 1 սպանված գայլի դիմաց 100 000 հազար դրամ վճարելու մասին մեզ համար անընդունելի է»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է բնապահպանական հասարակական միության համակարգող, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը: «Վերջին տարիներին Հայաստանում կենսամիջավայրը կտրուկ նվազել է: Ոչնչացվել են անտառների տարածքներ, ինչը հանգեցրել է կենդանիների տարբեր տեսակների անհետացման»,- ասել է նա և հավելել, որ դա իր հերթին բերել է կենդանական աշխարհի անհավասարակշռության: «Գայլերը որս չունեն և այդ պատճառով սկսել են հայտնվել բնակավայրերում»,- ասել է նա:

Նա նաև հաղորդել է, որ բրիտանացի գործընկերների հետ ունեցած զրույցի ժամանակ նրանք խնդրել են իրենց ուղերձը հայտնել ՀՀ կառավարությանը` թույլ չտալ ոչնչացնել գայլերին: Ինչպես նշել է Ադամյանը, անգլիացի բնապահպանները նրան հայտնել են, որ նման քաղաքականության պատճառով Անգլիայում գայլ չի մնացել: