ԵԱՀԿ-ն պարտավոր է մշտական ներկայացուցչություն ունենալ Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: «Չի կարող ԵԱՀԿ-ն պատասխանատու լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, իր ներկայացուցչությունը չունենալով հակամարտության գոտում»,-նշել է նա:
Բեքարյանն ընդգծել է, որ ցանկացած կառույց, որը ցանկանում է զբաղվել ղարաբաղյան հակամարտությամբ, պետք է ներկայացված լինի Լեռնային Ղարաբաղում, հասկանալու համար, թե ինչով պետք է զբաղվի: Նրա խոսքերով, դա մասնավորապես վերաբերում է Եվրոպայի խորհրդին ու Եվրամիությանը: «Համաշխարհային հանրությանը ներկայացնելու համար այդ հարցը և կարգավորման հասնելու համար երկու հայկական պետությունները՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է նպատակաուղղված աշխատանք տանեն»,-ասել է Բեքարյանը:






