Մարտի 27-ին երևանյան Stop ակումբում ելույթ կունենա «Շարակ» ջազ խումբը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց խմբի անդամներից Կարեն Մամիկոնյանը, «Շարակը» ջազ-ֆյուժն ոճով է նվագում (երաժշտական ժանր, որը միավորում է ջազի և այլ ոճի երաժշտություն` սովորաբար փոփ, ռոք, ֆոլք, ռեգգի, ֆանկ, մետալ, R&B, հիփ-հոփ, էլեկտրոնային և էթնիկական երաժշտության տարրեր): «Խումբն ամեն չորեքշաբթի ելույթ է ունենում «Մալխաս» ջազ-ակումբում: Մենք հավաքվեցինք 2010 թվականին ու դեռևս չենք հասցրել մասնակցել որևէ փառատոնի, սակայն իր գործունեության կարճ ժամանակահատվածում խումբը հասցրել է նվաճել ջազի հայ սիրահարների սրտերն ու համերգներով հանդես է գալիս Հայաստանի տարբեր ջազ ակումբներում»,- ասաց Մամիկոնյանը:
Խմբի մեջ մտնում են Կարեն Մամիկոնյանը` դաշնամուր, Արմեն Հյուսնունց` սաքսոֆոն, Գագիկ Խոլդավիրդին` կիթառ, Հակոբ Օրդաքյան` հարվածային գործիքներ, Էդգար Սահակյան` բաս-կիթառ:
Բացի դրանից, Կարեն Մամիկոնյանն ասաց, որ նվագում է «Crossroads blues band» բլյուզ խմբում, որը 2009 թվականին մասնակցեց Դուբայում կայացած Միջազգային ջազ փառատոնին: «Այժմ մենք պատրաստվում ենք ձայնասկավառակ ձայնագրել»,- նշեց նա:
Մամիկոնյանն ինքը դեռևս 2006 թվականին հիմնադրել է «Karen Mamikonyan jazz trio» ջազ խումբը, որը համերգներով հանդես է գալիս ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, իսկ երկուշաբթի օրերը նվագում է «Մալխաս» ջազ ակումբում: Խմբում նվագում են Կարեն Մամիկոնյանը` դաշնամուր, Նիկողայոս (Կոլյա) Վարդանյանը` կոնտրաբաս, Հակոբ Փորդաքյան` հարվածային գործիքներ:






