AM
14 Մարտ 2011 - 09:35 AMT

Երևանի Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում Վահան Արծրունու կատարմամբ կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները

Մարտի 16-ին Երևանում Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում «Կասկադի երաժշտություն» համերգաշարի շրջանակներում կայանալու է Վահան Արծրունու համերգը: Համերգին հնչելու են Կոմիտասի ստեղծագործությունները:

Համերգին նաև մասնակցելու են Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո), Լիզա Դաստակյանը (ֆլեյտա), Ջեմա Աբրահամյանը (ջութակ), Ժաննա Դավթյանը (ջութակ), Արամ Թալալյանը (թավջութակ) և Ջուլիետա Վարդանյանը (դաշնամուր): Համերգի սկիզբը` ժամը 20:00-ին, տոմսերի արժեքը` 3000 դրամ:

«Կասկադի երաժշտություն» համերգաշարի շրջանակներում ծրագրված են նաև հետևյալ համերգները. մարտի 11-ին` Սիմֆո-ջազ նվագախումբ` Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ, մարտի 18-ին` «No Spirit» ջազ-խումբ (Ֆրանսիա), մարտի 19-ին` «Չիկո և ընկերներ» ջազ խումբ, մարտի 25-ին` Հայաստանի Պետական ջազ նվագախումբ, մարտի 26-ին` հեղինակային երգի երեկո Վահան Արծրունու, Դավիթ Ամալյանի, Արմեն Ադամյանի, Կարեն Մամիկոնյանի, Արթուր Ավետիսյանի մասնակցությամբ: