AM
5 April 2001 - 18:30 AMT

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՑԱՆԿԱՆԱ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ ԲՈԼՈՐ 4 ԷՆԵՐԳԱՑԱՆՑԵՐԸ

05.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Հայաստանի բաշխիչ էներգացանցերի սեփականաշնորհման մրցութային հանձնաժողովի անդամ Սեյրան Ավագյանը այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում չի բացառել, որ մրցույթին մասնակցող ընկերությունները կարող են միանգամից երկու փաթեթի (4 բաշխիչ ցանցերը վաճառքի են հանված 2 փաթեթով` յուրաքանչյուրում 2 ցանց) ձեռք բերման հայտ ներկայացնել:
Այդ դեպքում, ասել է Սեյրան Ավագյանը, հակամենաշնորհային օրենսդրության համաձայն, ցանցերի վաճառքը կիրագործվի ավելի խիստ պայմաններով: Մեկնաբանելով իսպանական Union Fenosa-ի մրցույթից հրաժարվելու մասին լուրերը , Ս. Ավագյանը ասել է, որ հանձնաժողովը այդ կապակցությամբ որեւէ պաշտոնական դիմում այդ ընկերությունից չի ստացել:
Ապրիլի 20-ին, ծրարների բացման օրը, հանձնաժողովը պետք է կամ հավանություն տա առաջարկված գնով ցանցերի սեփականաշնորհմանը, կամ էլ` առաջարկի հրաժարվել գործարքից, հայտնել է Սեյրան Ավագյանը:
Մրցույթին մասնակցում են 2 ընկերություն` ամերիկյան AES Silk Road-ը եւ իսպանական Union Fenosa-ն: