04.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Թուրքիայի ԱԳ նախարար Իսմաիլ Ջեմը հայտարարել է, որ փետրվարին արված` Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ իր առաջարկը մնում է ուժի մեջ:
Մեկնաբանելով Անադոլու գործակալությանը Ֆլորիդայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, Ջեմը ասել է, որ հնարավոր խաղաղ համաձայնագիրը չպետք է Կովկասում նոր անկայունության պատճառ դառնա:
Փետրվարի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ Հայաստանը «հետաքրքրությամբ է մոտեցել» Թուրքիայի ԱԳ նախարարի` հայ-ադրբեջանա-թուրքական եռակողմ հանդիպման անցկացման առաջարկին: Սակայն, փետրվարի 19-ին, ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Ջեմի առաջարկը, Հայաստանի ԱԳՆ-ի խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, ինչպես նաեւ ղարաբաղյան կարգավորման հարցում Թուրիքայի կողմնակալ դիրքորոշումը, տվյալ գործընթացում Անկարան չի կարող միջնորդի դերում հանդես գալ:
Մարտի 20-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացղուցիչ Ռիչարդ Բաուչերը հայտարարել էր, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ չէ եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացում միջնորդական դեր չունի: