Գյումրիում տեղի է ունեցել Հայաստանի Անկախության 20-ամյակին նվիրված «Վերածնունդ» ֆիլմաշարի շնորհանդեսը: Ֆիլմաշարը ներկայացնում է նոր ժամանակներում վերածնվող Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր քաղաքները` նրանց երեկվա, այսօրվա և վաղվա օրվա մտորումներով: Նկարահանումներն իրականացնում է Գյումրիի «Վան» հեռուստաստուդիան` «ԱրմենՏել» ընկերության ֆինանսական աջակցությամբ: «Վերածնունդ» ֆիլմաշարը բաղկացած է 12 մասից, որոնցից առաջինը նվիրված կլինի Հայաստանին, իսկ մյուսներտը` Երևանին և հանրապետության 10 մարզերին:
«Վերածնունդ» իլմաշարը Հայաստանի հանրապետությունում և Սփյուռքում բնակվող ողջ հայության համար մի յուրահատուկ ուղեցույց կլինի ճանաչելու և գնահատելու իրենց հնադարյա հայրենիքի` Հայաստանի դարավոր պատմությունը, հաղթանակած ներկան և հույսերով ու լավատեսական սպասումներով լի ապագան» – նշեց «Վան» հեռուստաընկերության տնօրեն Վահագն Ղազարյանը, ասվում է ՙՎան՚ հեռուստաստուդիայի մամլո հաղորդագրության մեջ:
«Մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում, մենք շատ ենք կարևորում պատմամշակութային արժեքների փոխանցումը սերնդեսերունդ: «Վերածնունդ» Ֆիլմաշարը հենց այդպիսի նախագծերից է` այն ապագա սերունդների համար կհանդիսանա Հայաստանի երրորդ հանրապետության անցյալի և այսօրվա մասին պատմող մի հանրամատչելի տեսաձեռնարկ, որից օգտվելու աննախադեպ հնարավորություն կունենան բոլոր նրանք, ում տասնյակ տարիներ անց, կհետաքրքրի Հայաստան երկրի թե′ հին, և թե′ նորագույն պատմության ընթացքը»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: