AM
16 Մարտ 2011 - 10:39 AMT

Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հայ ուսանողներին և աշակերտներին հաղորդակից է դարձնում դասական երաժշտությանը

Հայաստանի ուսանողներն ու դպրոցականները հնարավորություն կստանան դասական երաժշտություն ունկընդրել Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, մամլո ասուլիսում լրագրողներին է հայտարարել նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Ըստ նրա, նվագախումբը մտադիր է ամեն ամիս հանդես գալ բուհերում, իսկ դպրոցականների համար գործում է «դպրոցականի ֆիլհարմոնիան»: «Մեր ելույթներից հետո ուսանողներն արդեն իրենք են գալիս համերգների: «Նրանք մոտենում են, բարևում և նրանցից շատերը հասկանում են, որ Բեթհովենը ևս աստղ է»: «Մայիսին մենք երկու համերգ կտանք բաց երկնքի տակ հատուկ ուսանողների համար»,-ասել է Թոփչյանը:

Դպրոցականների համար գործում է «Դպրոցականի ֆիլհարմոնիան», որի շրջանակներում ապրիլ-մայիսին 14 համերգ տեղի կունենա ֆիլհարմոնիայի դահլիճում: «Այդ ծրագրերն անվճար են իրականացվում, քանի որ ես շատ եմ ցանկանում մասնակցել երիտասարդների ու երեխաների մշակութային դաստիարակությանը»,-ասել է Թոփչյանը: