04.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Քի Վեստում կայանալիք հանդիպումը կտրուկ կտարբերվի ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նախորդ անմիջական հանդիպումներից, այնպես էլ նրանց` Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մասնակցությամբ վերջերս կայացած բանակցություններից:
Ինչպես հայտնի դարձավ ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին դիվանագիտական աղբյուրներից, այս մասին ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը ` Վաշինգթոնում կայացած հատուկ ճեպազրույցում: Նա հայտարարել է, որ Ֆլորիդայում Մինսկի խմբի համանախագահները երկարատեւ բանակցություններ կվարեն ինչպես երկու նախագահների հետ միասին, այնպես էլ` յուրաքանչյուրի հետ առանձին:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը չի համաձայնել այն կարծիքի հետ, որ հիմնական սպասումները կապվում են Մոսկվայում կայանալիք երկու նախագահների հնարավոր հանդիպման հետ: Նա նշել է, որ եթե Ֆլորիդայի բանակցությունների չափաձեւը հաջող լինի, այն կարող է կիրառվել ցանկացած այլ վայրում: Այսօր առկա է խնդրի լուծման «հնարավորությունների պատուհան», որը հաճախ չի լինում, ասել է ամերիկյան դիվանագետը:
Ճեպազրույցում նշվել է, որ Ֆլորիդայի բանակցություններին կմասնակցեն ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Յան Կուբիշը եւ ԵԱՀԿ Գործող նախագահի ներկայացուցիչ, դեսպան Կոնստանտին Ինեն: