Հայ-ռուսաստանյան համագործակցության զարգացման համար չկան տեսանելի խոչընդոտներ: Այդ մասին ասվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձում, որն ուղղված է այսօր Երեւանում բացված հայ-ռուսաստանյան ներդրումային համաժողովի մասնակիցներին: Ուղերձում նշվում է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության աճը հնարավոր է եղել ի հաշիվ կառավարական կառույցների եւ գործարար շրջանակների գործունեության: Ընդ որում, Ռ. Քոչարյանը վստահություն է հայտնել, որ «համաժողովի պարբերաբար անցկացումը կհարստացնի հայ-ռուսաստանյան համագործակցությունը»: Նշենք, որ համաժողովի մասնակիցները, Հայաստանի եւ Ռուսաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները, կքննարկեն Հայաստանի տնտեսությունում ռուսական կապիտալի ներդրումների հնարավորությունը: Համաժողովին մասնակցելու համար Երեւան են ժամանել Ռուսաստանի ընկերությունների ավելի քան 80 ներկայացուցիչներ` ՌԴ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովի գլխավորությամբ: