AM
18 Մարտ 2011 - 05:18 AMT

ԵԱՀԿ ՄԽ. Ցավոք սրտի, դիպուկահարներին հեռացնելու մասին մեր առաջարկը չի կատարվում

Բաքու, Ստեփանակերտ և Երևան կատարած այցի արդյունքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասյեն, Ռոբերտ Բրադկեն և Իգոր Պոպովը մարտի 17-ին Երևանում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Հայտարարությունում նշվում է, որ մարտի 15-17-ը կայացած այցի ընթացքում համանախագահներն այցելել են Բաքու, որտեղ հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ, Երևանում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ- Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Լեռնային Ղարաբաղում միջնորդները հանդիպել են դե ֆակտո իշխանությունների հետ: Երևանում ԵԱՀԿ ՄԽ-ը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի հետ, որը գտնվում է տարածաշրջանում: Միջնորդներին ուղեկցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպման ընթացքում համանախագահները կոչ են արել հակամարտության կողմերին օգտվել դրական ազդակից, որը ստեղծվել է մարտի 5-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ և կենտրոնացնել ուշադրությունը հակամարտության լուծման հիմնարար սկզբունքների մշակման վրա: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հրադադարի ռեժիմի խախտումները հետաքննելու վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածությունների իրագործման միջոցները: Համանախագահներն ափսոսանք են հայտնել այն առթիվ, որ զորքերի շփման գծից դիպուկահարներին հեռացնելու մասին առաջարկը չի կատարվում, ինչը հանգեցնում է անմեղ մարդկանց մահվան:

Համանախագհները դաշտային առաքելության հաշվետվությունը հանձնել են Հայաստանի, ԼՂ և Ադրբեջանի նախագահներին, որը մարտի 23-ին ներկայացվելու է Վիեննայում: