AM
22 Մարտ 2011 - 09:43 AMT

«Ակադեմիա» պատկերասրահում կբացվի Ռուդոլֆ Խառատյանի ցուցահանդեսը

Ապրիլի 1-15-ը «Ակադեմիա» պատկերասրահում կգործի Ռուդոլֆ Խառատյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Բացմանը ներկա կլինի հեղինակը: Ցուցահանդեսի համադրողն է է ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի բաժնի ղեկավար Սոնա Հարությունյանը: Կներկայցվեն Ռ.Խառատյանի 10 տարիների ընթացքում ստեղծված 40 աշխատանքները: Սոնա Հարությունյանն ընտրել է այն աշխատանքները, որոնք ընդգծում են արվեստագետի ոճական թեմատիկ առանձնահատկությունները, հայտնում է պատկերասրահի մամլո ծառայությունը:

Ռուդոլֆ Խառատյանը բնիկ երևանցի է, սովորել է Գեղագիտական կենտրոնի քանդակի և գեղանկարչության բաժնում, ինչպես նաև Լևոն Վարդանյանի խմբում: Խառատյանը Հայաստանում հայտնի է իր ներդրումներով պարի մեջ` որպես առաջատար պարող Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, նաև որպես հեռուստատեսության կամերային բալետի գեղարվեստական ղեկավար խորեոգրաֆ: Այս ցուցահանդեսի ընթացքում Խառատյանը Հայաստանում կբացահայտվի նաև որպես գեղանկարիչ: Սկսած 1991թ-ից Խառատյանը հանդես է եկել անհատական ցուցահանդեսներով Ամերիկայում` Վաշինգտոնում, Նյու Յորքում, Մոնրեալում` Կանադա: Խռատյանը ներկայացել է նաև խմբակային ցուցահանդեսներով ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Իտալիայում և Եգիպտոսում: Նրա աշխատանքները ներառված են ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Աֆրիկայի և Հայաստանի անհատական հավաքածուներում: Նրա աշխատանքները ընտրված են որպես հայկական գինիների պիտակ` Միացյալ Նահանգներ արտահանելու նպատակով:

Այժմ Ռուդոլֆ Խառատյանը Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերն է: