Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ակտիվացման հեռանկարն այսօրվա իրականության արտացոլումն է: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այսօր հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը: Նրա խոսքերով, յուրաքանչյուր երկիր լիակատար իրավունք ունի տվյալ ոլորտում հարաբերություններ զարգացնել ցանկացած կազմակերպության հետ, եւ այդ դեպքում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ակտիվացման մասին Հայաստանի որոշումը ոչ միայն հարգելի է, այլեւ ընդունելի: Ռուսաստանը նույնպես զարգացնում է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, նշեց դեսպանը: Ռուս դիվանագետն ընդգծել է ջանքերի միավորման անհրաժեշտությունն այն մարտահրավերների դեմ պայքարելու գործում, որոնց բախվում է այսօր համաշխարհային հանրությունը`
միջազգային ահաբեկչություն, թմրանյութերի ապօրինի շրջանառություն, թրաֆիքինգ, զենքի առեւտուր, էկոլոգիական խնդիրներ: Առանց երկրների եւ կազմակերպությունների ջանքերի միավորման անհնարին է հաղթահարել այդ խնդիրները, ամփոփել է Անատոլի Դրյուկովը: