Հայաստանի Պետական կամերային նվագախումբը համագործակցելու է երիտասարդ դիրիժորների հետ Հայաստանից և արտերկրից, Երևանում մամլո ասուլիսում հայտնել է նվագախմբի նորանշանակ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
2011-ին նվագախումբը նախատեսում է տալ 24 համերգ, որոնցից 12-ը վստահելու են երիտասարդ և սկսնակ դիրիժորների: «Չի կարելի երիտասարդ երաժիշտներին զրկել ինքնադրսևորվելու հնարավորությունից: Չի կարելի պահանջել երիտասարդ դիրիժորից, որպեսզի նա սովորի ղեկավարել նվագախումբը միայն այն բանից հետո, երբ նրան նվագախումբ են տալիս: Առանց երաժիշտների դիրիժորը դիրիժոր չի դառնա»,- ասել է Վահան Մարտիրոսյանը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավարն անձամբ է ընտրելու այն երաժիշտներին, որոնք ղեկավարելու են կամերային նվագախմբի համերգները:
Մարտիրոսյանը նշանակվել է գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնում մեկ ամիս առաջ: Նվագախմբի գլխավոր ղեկավար Արամ Ղարաբեկյանի հրաժարականից հետո նվագախումբը մեկուկես տարի ղեկավար չուներ: Ղարաբեկյանի ղեկավարության շրջանում նվագախմբի հովանավորն էր Վաչե Մանուկյանի հիմնադրամը, սակայն նրա հրաժարականից հետո հիմնադրամը դադարեցրել է աջակցությունը: Վահան Մարտիրոսյանը դիմել է հիմնադրամին` խնդրելով վերականգնել հովանավորությունը:






