Հայոց ցեղասպանության ժխտման ընդհանուր ռազմավարությունը չփոխելով` պաշտոնական Անկարան այդ ուղղությամբ մշակել է նոր մարտավարություն ` 20-րդ դարի առաջին ցեղասպանության իրականության խեղաթյուրման քաղաքականություն: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը` մեկնաբանելով թուրք պաշտոնյաների հայտարարություններն ապրիլի 24-ի նախաշեմին:«Ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության հարցն այսօր քննարկվում է թուրքական հասարակության մեջ, որովհետև հասարակությունը դրա կարիքն ունի: Յուրաքանչյուր թուրքական ընտանիք անձնական հիշողություններ ունի, որոնք շատ հաճախ չեն համընկնում Հայոց ցեղասպանության մասին կառավարության թեզի հետ: Դա անհանգստացնում է Թուրքիայի իշխող շրջաններին, հենց այդ պատճառով թուրքական կառավարության կողմից ցեղասպանության հերքման վեկտորն ուղղված է ոչ միայն արտաքին լսարանին, այլ նաև ներքին»,- ասել է թուրքագետը:






