AM
4 Ապրիլ 2011 - 08:31 AMT

Արթուր Բաղդասարյան. ԵՄ-ն 7,7 մլն եվրո է հատկացրել սահմանակետերի արդիականացման համար

Այսօր Երևանում Հայաստանի ԱԱԽ-ն ներկայացրել է իր նպատակներն ու նվաճումները «Հարավային Կովկասի սահմանների համալիր կառավարման ծրագրի» շրջանակներում, որն իրականացնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ ԵՄ ֆինանսական աջակցության համար: Ինչպես հայտարարել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, սահմանային անվտանգության մակարդակի բարձրացումն առաջնահերթ նշանակություն ունի Հայաստանի համար: Հիշեցնելով, որ 2010թ. նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԱԽ-ն հավանություն տվեց սահմանային անվտանգության ապահովման ու պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությանը, որն արդեն վավերացվել է ՀՀ նախագահի կողմից, Արթուր Բաղդասարյանը նշել է, որ այս պահի դրությամբ կառավարությունում մշակվում է այդ ռազմավարությունից բխող միջոցառումների փաթեթը:

«Առաջարկված փաթեթն առաջիկայում կհաստատվի և մենք մտադիր ենք իրականացնել բոլոր նախատեսված միջոցառումները»,-ասել է նա: Արթուր Բաղդասարյանը հայտնել է նաև, որ «Հարավային Կովկասի սահմանների համալիր կառավարման ծրագրի» շրջանակներում ԵՄ-ն 7,7 մլն եվրո է հատկացրել սահմանակետերի արդիականացման համար: «Առաջիկա օրերին կամփոփվեն միջազգային մրցույթի արդյունքները, որից հետո կսկսվեն Բագրատաշենի, Բավրայի, Գոգավանի սահմանակետերի արդիականացման աշխատանքները»,-ասել է նա:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեվան նշեց, որ ծրագրի նպատակն է նպաստել համագործակցության զարգացմանը տարածաշրջանում:

Իր հերթին Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ժան-Քրիստոֆ Գերանդը նշեց, որ «Հարավային Կովկասի սահմանների համալիր կառավարման ծրագիրը» կարևոր դերակատարություն ունի ազատության ու անվտանգության մթնոլորտի ձևավորման մեջ: «Ծրագիրը կնպաստի մարդկանց ազատ տեղաշարժին, տնտեսության զարգացմանն ու թրաֆիկինգի ռիսկերի նվազմանը»,-ասել է նա: