AM
4 April 2011 - 11:32 AMT

Zdob si Zdub ՝ Հայաստանը Եվրատեսիլում հաղթելու շանսեր ունի

Եվրատեսիլ 2011-ում Մոլդովան ներկայացնող Zdob si Zdub խումբը հաղթանակի մասին չի մտածում։ Այս մասին խմբի անդամները հայտնեցին այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ։ «Եթե մենք չհաղթենք, մենք մեկ է մեզ հաղթանակած կզգանք, քանի որ մեր երկիրը ներկայացնում ենք ստանդարտներից դուրս։ Մեր երգը եվրոպացիները լավ կհասկանան։ Իրականում Եվրատեսիլի համար կանխատեսումներ անելը բարդ է, մենք նախընտրում ենք վերլուծություններ չանել և պարզապես լավ նախապատրաստվել»,- ասաց խմբի անդամ Ռոման Յակուպովը։

Ըստ Ռոման Յակուպովի՝ Հայաստանը Եվրատեսիլում հաղթելու շանսեր ունի.« Ճիշտ է հայ կատարողները չեն օգտագործում ազգային մոտիվներ, սակայն միևնույն է հայի արտաքին տեսքը, աչքերը, էներգիան անկրկնելի են։ Մենք քվերակելու և երկրպագելու ենք հայերի համար»։

Zdob si Zdub խմբի անդամներ Ռոման Յակուպովն ու Սվետոսլավ Ստռուշը հիացած են հայկական երաժշտությամբ և խոհանոցով. «Մեզ շատ ջերմ են հյուրընկալել։ Փորձել ենք հայկական խորովածը։ Մենք շատ հարգում և սիրում ենք հայերին։ Եղել ենք Մոլդովայում Ջիվան Գասպարյանի համերգին, մեծ սիրահար ենք նաև Արամ Խաչատուրյանի և ռոք խումբ՝ System Of A Down-ի»։