Այսօր «Օրանժ Արմենիա» ընկերությունը հյուրընկալել է Մոլդովան Եվրատեսիլ 2011-ում ներկայացնող Zdob si Zdub խմբին: «Արդեն երկրորդ տարին է, ինչ մենք Եվրատեսիլի գլխավոր գործընկերն ենք Հայաստանում: Մենք մեզ համարում ենք երաժշտական բրենդ: Մոլդովայում էլ «Օրանժ Մոլդովան» է աջակցում Եվրատեսիլին»,- ասաց Օրանժ ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան
Zdob si Zdub խմբի անդամ Ռոման Յակուպովի խոսքով իրենց համար հեշտ չէր ընտրվելը։ «Մենք, որպես խումբ, ավանդական ֆոլկլյոր չենք ներկայացնում, այդ իսկ պատճառով Մոլդովայում մեզ համար հեշտ չէր ընտրվելը։ Մեր երգն ուրբանիստական է, անհասկանալի և տարօրինակ մոլդովացիների համար։ Մոլդովացիները ֆոլկլյորի են սովոր»,- ասաց Ռոման Յակուպովը և ավելացրեց, որ երգը գլամուր մարդու մասին է, ով ամեն ինչ և ամեն մեկին գնում է, սակայն ի վերջո հանդիպում է մի աղջկա, ում չես գնի. «Երգի հերոսը սիրահավում է և հասկանում, որ ունակ է սիրելու։ Մենք երգը գրել ենք՝ ոգեշնչվելով Գրիմ եղբայրների «Գորտ թագավորը» ստեղծագործությամբ։
Ռոման Յակուպովը նշեց, որ փորձերի ժամանակ իրենք հասկացան, որ անհրաժեշտ է ներառել նաև ավանդական ազգային տարրեր. «Ավելացրել ենք ազգային հագուստի մասեր, ինչպես նաև կուշմա կոչվող մեր գլխարկները։ Բեմում կլինենք 6 հոգով։ Մենք ցանկանում ենք շոուն հեքիաթային դարձնել։ Մեր բեմականացմամբ միավորելու ենք գրոտեսկը, ֆոլկլյորը և իրոնիան, ինչը քիչ է Եվրատեսիլում»։
«Zdob si Zdub անվանումը ֆոնետիկական ռիթմ է, ինչպես կխփես դհոլը։ Մեր լեզվով դհոլը դոբա է։ Մենք նվագում ենք 1994ից»,- ասաց Ռոման Յակուպովը։