Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը այսօր կայացած ասուլիսում տեղեկացրեց, որ Էմմիի փրոմո-արշավը շատ հագեցած է: «Ապրիլի 5-6-ը կլինենք Կիևում, 7-8-ը Քիշնևում, 9-10-ը Նիդեռլանդներում, 11-ին Աթենքում, ապա Վարշավայում, այնուհետև կվերադառնանք Հայաստան և հետո նոր կայցելենք Վրաստան», ասել է նա:
Հայաստանը Եվրատեսիլ 2011-ին կներկայացնի երգչուհի Էմմին, ով ելույթ կունենա «Boom-Boom» երգով (երաժշտություն՝ Apricota խմբի, բառերը՝ Սոսի Խանիկյանի, գործիքավորումը՝ Արա Թորոսյանի)։ Այս երգն ընտրվել էր մարտի 5-ին Հանրային հեռուստաընկերության եթերում SMS քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ՝ 50/50 հարաբերությամբ։ Էմմին ելույթ կունենա մայիսի 10-ին։
Այս տարի Դյուսելդորֆում կայանալիք Եվրատեսիլ 2011-ին կմասնակցի 43 երկրի ներկայացուցիչ։ Մասնակից երկրներն արդեն ընտրել են իրենց երգիչ-երգչուհի ներկայացուցիչներին։ Ինչպես հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը, Եվրոպական հեռարձակողների միությունը արդեն ստացել է բոլոր մասնակիցների երգերը։
Եվրատեսիլ 2010-ին մասնակցել էր 39 երկիր։