AM
4 April 2011 - 12:46 AMT

Սբ.Աստվածածնի եկեղեցու մոտ հնագիտական գտածոների մասին շուտ մոռացան. շինարարությունը շարունակվում է

Երևանում Սբ.Աստվածածնի եկեղեցու մոտ շինարարական աշխատանքները շարունակվում են: Ապրիլի 1-ին շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել էր պատի մեջ ներկառուցված 17-րդ դարի խաչքար, ինչպես նաև 17-րդ դարի պատնեշի բեկոր: Նույն օրը Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց, որ հնագիտական պեղումների պատճառով շինարարությունը դադարեցվել է:

Նրա խոսքով, դա Արարատյան թեմի որոշումն էր, և այժմ դիտարկվում է այն հարցը, թե ինչպես շարունակել շինարարությունը` հաշվի առնելով այդ վայրում հնագիտական պեղումների անցկացման անհրաժեշտությունը:

Սակայն, ինչպես պարզել է շինհրապարակ այցելած PanARMENIAN.Net-ի թղթակիցը, շինարարական աշխատանքներն այդ տարածքում շարունակվում են: Արդեն փորվել է հողի բավական մեծ հատված, ներդրվել են մետաղական պատնեշներ: Եկեղեցի այցելող մարդկանց համար հարավային կողմից մի նեղ ճանապարհ են թողել, որով կարելի է մոտենալ եկեղեցուն:

Աշխատանքների ընթացքին հետևում է Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն, հնագետ Գագիկ Սարգսյանը, սակայն նրան միշտ չէ, որ կարելի է տեսնել շինհրապարակում, քանի որ, նրա խոսքով, նման անհրաժեշտություն չկա: