AM
6 Ապրիլ 2011 - 12:14 AMT

Արվեստի հայ գործիչների կարծիքով պետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի մշակույթի զարգացմանը

Հայկական մշակույթի պահպանման և ճիշտ քարոզչության հարցը պետք է լինի պետության ուշադրության կենտրոնում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է դերասանուհի Լալա Մնացականյանը: Նրա խոսքերով, միայն պետական ուշադրության դեպքում կարելի է խոսել հայկական մշակույթի պահպանման և զարգացման մասին: Դերասանուհին ուշադրություն է դարձրել նրան, որ ներկա պահին բոլոր հայկական հեռուստաալիքները «լցված են էժանագին հայկական հեռուստաշոուներով և սերիալներով», ինչն իր հերթին ազդում է հասարակության ընդհանուր զարգացվածության վրա:

Իր հերթին, բեմադրող ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը նշել է, որ մշակույթի նկատմամբ սերը և հետաքրքրությունը մարդու մեջ անհրաժեշտ է զարգացնել վաղ տարիքից: «Հայկական դպրոցներում կրթական համակարգը պետք է այնպին լինի, որպեսզի ուսուցիչն ինքը կրթված լինի մշակութային տեսանկյունից: Ես դասավանդում եմ համալսարանում: Սկզբից իմ ուսանողները չէին հասկանում, թե ինչու եմ կոչ անում դասական երաժշտություն լսել, սակայն երբ նրանց ստեղծագործական աշխարհը սկսեց զարգանալ, նրանք հասկացան, որ հենց դա է իսկական երաժշտությունը, այլ ոչ թե էստրադային երաժշտությունը, որը նրանք լսում են»,- նշել է նա: