Ապրիլի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի եւ Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ` ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանի ու Էստոնիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Սանդեր Սունի, Հայաստանում Էստոնիայի դեսպան Տոմաս Լուկի (նստավայրը` Թբիլիսի) մասնակցությամբ:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, քննարկվեցին Հայաստանի ու Էստոնիայի միջեւ քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացմանը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Էստոնական կողմի խնդրանքով ներկայացվեցին Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Մտքեր փոխանակվեցին Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքի եւ հեռանկարների շուրջ: Հատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտք գործելու ընթացակարգի դյուրացման խնդրին:
Էստոնացի դիվանագետներին ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը: Անդրադարձ կատարվեց հայ-էստոնական հարաբերություններին, ԵՄ հետ ասոցիացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին: Կարեւորվեց ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացման անհրաժեշտությունը եւ այդ հարցում էստոնական կողմի աջակցությունը:






