Ապրիլի 26-30-ն Իսպանիայի Պալմա դե Մալյորկա կղզում տեղի է ունենալու Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնը, որին այս տարի Հայաստանը ներկայացնելու է «Կարին» ժողովրդական պարերի համույթը: Հայաստանի Մշակույթի նախարարությունը կհոգա համույթի ծախսերը միայն մասնակի: Այս առիթով ապրիլի 15-ին Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում տեղի է ունենալու «Կարին» ժողովրդական պարերի համույթի համերգը, որից ստացված հասույթը կօգտագործվի համույթի ծախսերը Իսպանիայում հոգալու համար: Համույթին օգնելու նպատակով մի շարք արտիստներ միացել են այդ համերգին: Համերգին մասնակցելու են Ռուբեն Հախվերդյանը, Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Շուշան Պետրոսյանը, Լեյլա Սարիբեկյանը, Մակիչը (Մկրտիչ Մկրտչյան):
Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնը մեծ պատմություն ունի: Փառատոնը առաջին անգամ անց է կացվել Գերմանիայի Մյունխեն քաղաքում 1985 թվականին, որին մասնակցել են 67 երկրների ներկայացուցիչներ: 1987 թվականից փառատոնը անց է կացվում Իսպանիայի Պալմա դե Մալյորկա կղզում: Ամեն տարի փառատոնին մասնակցում է ավելի քան 2000 մասնակից, ասվում է համույթի բլոգում: