«Հայաստան» համահայկական հիմնադրամի ՀՀ նախագահի մրցանակի համակարգող Աիդա Խաչիկյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է, որ «Թատրոն» անվանակարգ երիտասարդական մրցանակում երբեք չի եղել, հետևաբար չէր էլ կարող հանվել: Մինչդեռ «Հրապարակ» օրաթերթի ապրիլի 14- համարում զետեղվել էր տեղեկատվություն, համաձայն որի, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի ցանկից հանվել է «թատրոն» անվանակարգը: Ինչպես հաղորդում է «Հրապարակը», այս փաստը ոչ միայն զարմացրել, այլև զայրացրել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին: «Խեցեգործություն, կերպարվեստ, կինո, ֆոտո, գոբելեն, քանդակ, ամեն ինչ կա` բացի թատրոնից: Հարց է առաջանում` ո՞վ է որոշել, թող այդ մարդը ի հայտ գա, ով ասել է, որ թատրոնը հանեն: Մենք զանգեցինք, ինչ-որ մի կին մեզ ասաց, թե այնքան շատ էին արվեստի տեսակները, որ թատրոնը որոշեցին հանել: Բա դա պատասխա՞ն է»,- ասել է Ղազանչյանը, հայտնում է թերթը:
Անդրադառնալով թերթի հրապարակմանը՝ Աիդա Խաչիկյանն ասել է, որ ոչ մի խոսակցություն չի ունեցել Հակոբ Ղազանչյանի հետ, իրեն զանգահարել է մի կին, ով չի ներկայացել, և հարցրել է այդ մասին, նա իր հերթին ժխտել է այդ ինֆորմացիան: Խաչիկյանը հավելել է նաև, որ տարբեր տարիներին երիտասարդ թատերական գործիչներ տարբեր ներկայացումներով հայտ ներկայացրել են, բայց ոչ թե որպես երիտասարդական մրցանակի անվանակարգ, այլ մեծահասակների:
ՀՀ նախագահի մրցանակը տրամադրվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, «Պողոսյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ (Ֆրանսիա), և, որպես մրցանակ, երիտասարդական մրցանակի շրջանակներում շնորհվում են վկայագիր, մեդալ և դրամական պարգև` 2 հազար 500 դոլարին համարժեք դրամի չափով:






