ՀՅԴ-ն Հայաստանի կառավարությանը գրավոր հարցում է ուղարկել այն մասին, թե ինչպես է կառավարությունը գնահատում իր պատասխանատվությունը երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակի համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: «Կճանաչի՞ արդյոք կառավարությունն իր սխալները ստեղծված իրավիճակում, բացի այն խնդիրներից, որոնք առաջացել են համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով»,- հարցնում է պատգամավորը:
Նրա խոսքերով, կառավարության պատասխանից հետո կուսակցությունն առաջարկելու է հրապարակային քննարկումներ անցկացնել ՀՀ ԱԺ լիագումար նիստում: «Դրանից հետո Դաշնակցությունը, հնարավոր է, կարող է դնել կառավարության հարաժարականի մասին հարցը»,- հայտարարել է Մինասյանը:
Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին կուսակցության որոշման ժամկետների մասին՝ Մինասյանն ասել է, որ հարցումն ուղարկվել է այսօր և ըստ օրենքի կառավարությունը պետք է պատասխան տա 20 օրվա ընթացքում: Միաժամանակ նա հումորով նշել է, որ հնարավոր է` կառավարությունը մինչ այդ ժամկետն ինքնակամ հեռանա:






