Ցեղասպանությունը հայ ժամանակակից գրականության մեջ պետք է դիտել որպես ուժի աղբյուր, առանց մորթի տեսարանի, գտնում է բանաստեղծ Հուսիկ Արան: «Պետք է ցույց տալ, որ ազգը ավելի է ուժեղացել դրանից հետո»,- ասում է նա: Նա գտնում է, որ երիտասարդին պետք են ուժ տվող գրքեր, քանի որ համոզված է, որ հայ երիտասարդներից շատերը անցյալի հեղինակների կողմից ստեղծված վեհ գրականությունը հիմնականում չեն կարդալու: Արան նաև գտնում է, որ ջարդի և ողբի գրականությունը կարող էր սահմանափակվել Չարենցի «Դանթեական առասպելով», եթե ժամանակին դատապարտվեր Եղեռնը: «Մեր գրականության մեջ հաղթական հոգի շատ քիչ կա: Մեղավորը գրողները չեն, այլ հասարակությունը»,- հավելեց նա:
Արձակագիր Արամ Պաչյանը գտնում է, որ սփյուռքահայի գրած գրականությունը ավելի շուտ տեղեկատվություն է, գեղարվեստական ոճից զուրկ, դա վավերագրական ոճ է, քանի որ մարդը կտրված է իր պատմական միջավայրից, նա օտար շրջապատում է: Հեղինակները մեղավոր չեն, նրանք իրենց ապրումներն են հաղորդել թղթին, դա ժամանակի թելադրանքն է եղել: «Եթե ես հիմա ինչ-որ բան ստեղծեմ նախնյաց հողի մասին, դա ձևական բնույթ կկրի: Կցանկանայի, որ մենք ավելի խոհեմաբար մոտենանք Ցեղասպանության թեմային և քանի որ աշխարհի մեծերը շատ են շահարկում դա, պետք է օգտագործել այդ նույն մեծերի խաղերը Ցեղասպանության ճանաչման գործում»,-ասել է Պաչյանը:






