Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական 150-ամյա պատմություն ունեցող թատրոնի շենքը կվերանորոգվի Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության նախարարության կողմից: Լուրը հայտնի է դարձել ապրիլի 20-ին` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուռուայի աշխատանքային հեռախոսազրույցի ընթացքում:
Մասնավորապես Ռուռուան Հասմիկ Պողոսյանին տեղեկացրել է, որ մշակույթի նախարարությունը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի ամրակայման ու վերանորոգման աշխատանքների իրականացման համար հատկացրել է 1 մլն.200.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար և շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները (շենքը կառուցվել է 1936 թ. և վերանորոգվել է ընդամենը մեկ անգամ):
Բացի դրանից, Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի թատերախումբը վրացական իշխանությունների ֆինանսական աջակցությամբ հյուրախաղերով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ` տեղի հայ համայնքի հրավերով:






