AM
22 February 2001 - 17:53 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂԱՐԱՐ ՋԱՆՔԵՐԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՂՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ

22.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԼՂՀ ԱԳ նախարար Նաիրա Մելքումյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի որոշակի աշխուժացումը վկայում է միջազգային հանրության շահագրգռվածության մասին` հակամարտության կողմերի միջեւ խաղաղ պայմանագրի ձեռքբերման հարցում:
Ն. Մելքումյանի խոսքերով, այդ փաստը հաստատվում է նաեւ ԵԱՀԿ Գործող նախագահի տարածաշրջան կատարվելիք այցով, որի ընթացում նախատեսվում է նրա հանդիպումը ԼՂՀ նախագահի հետ: Միաժամանակ, ասել է նախարարը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում, ադրբեջանական կողմի գործողությունները, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների հրապարակումը եւ դրանք Ադրբեջանի խորհրդարանում քննարկելու նախաձեռնումը, ուղղված են ԵԱՀԿ Գործող նախագահի այցի նախօրեին քաղաքական անբարենպաստ ֆոնի ստեղծմանը:
Միջնորդների առաջարկների հրապարակումից հետո ադրբեջանական քաղաքական գործիչների առաջին արձագանքները կասկած չեն թողնում, որ «Ադրբեջանը, իրեն հատուկ հիստերիկ կերպով հերթական անգամ փորձում է խանգարել միջազգային հանրության խաղաղարար ջանքերին»,- ասել է Նաիրա Մելքումյանը: –0–