AM
29 Ապրիլ 2011 - 12:25 AMT

Արթուր Բաղդասարյանն ու Շտեֆան Ֆյուլեն քննարկել են Հայաստան-ԵՄ համատեղ ծրագրերը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ապրիլի 29-ին ընդունել է Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության Պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցեմբերգերը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության առկա վիճակը և հետագա զարգացման հեռանկարները: Երկուստեք դրական է գնահատվել համագործակցության բարձր մակարդակը և հարաբերությունների արագ զարգացումը:

Արթուր Բաղդասարյանը անդրադարձել է Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքին ` առանձնացնելով մարդու իրավունքների, ժողովրդավարության և ոստիկանական համակարգի բարեփոխումները, ազատության, արդարադատության և անվտանգության ոլորտում իրականացվող աշխատանքները: ԱԱԽ քարտուղարը անդրադարձ է կատարել Արևելյան Ներդրումներ ծրագրին` ընդգծելով այդ ծրագրի կարևորությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական բարեփոխումների ճանապարհին և հետագա առավել սերտ փոխգործակցության հնարավորությունները: Արթուր Բաղդասարյանը իր գոհունակությունն է հայտնել Հայաստան-ԵՄ քաղաքական համագործակցության` ասոցացման համաձայնագրերի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ` շեշտելով համագործակցության հրապարակայնության կարևորությունը: Ընդգծվել է Հայաստանում Եվրամիության տեղեկատվական կենտրոնների հիմնման կարևորությունը:

Շտեֆան Ֆյուլեն բարձր է գնահատել ԱԱԽ-ի շրջանակներում գործող, եվրոպական կառույցների գործունեությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանի Հանրապետությունում կենսագործվող բարեփոխումների համատեքստում` նշելով, որ քաղաքական համակարգումը կարևոր հանգամանք է Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի իրականացման գործընթացում:

Նա իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել վերը նշված ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին, քանի որ դրանք մի շարք ուղղություններով լիովին համահունչ են Եվրոպական հարևանության քաղաքականության փիլիսոփայությանը: