AM
3 Մայիս 2011 - 11:07 AMT

Թուրք լուսանկարիչ Աթթիլա Դուրաքը հերքում է այն ուսմունքը, թե «Թուրքիան միայն թուրքերինն է»

Մայիսի 5-ին Նորար փորձարարական արվեստի կենտրոնում կբացվի թուրք լուսանկարիչ Աթթիլա Դուրաքի անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվելու է ընդհանուր թվով 203 լուսանկար, որոնք լուսանկարիչը ստեղծել է վեց-յոթ տարիների ընթացքում: Լուսանկարները պատմում են Անատոլիայի ազգային 44 ազգային փոքրամասնությունների կյանքի, կենցաղի մասին: «Այս տարիների ընթացքում ես կիսել եմ այդ մարդկանց ուրախությունը և վիշտը: Մեզ դպրոցում սովորեցնում էին, որ Թուրքիան թուրքերինն է, սակայն ես այս լուսանկարներով կասկածի տակ եմ դնում այդ արտահայտությունը»,- լրագրողներին է ասել Դուրաքը: Ցուցահանդեսը կրում է «Էբրու` Թուրքիայի մշակութային բազմազանության արտացոլումներ» խորագիրը:

Էբրուն դա նկարչական տեխնիկա է, որն օգտագործվել է Արևելքում, գրքերի նկարազարդման համար: Ջրով լի ամանի մեջ լցվում են ներկեր, որոնք իրար են կպնում և իրար մեջ են մտնում, սակայն չեն միախառնվում: Թուղթը դրվում է ջրի երեսին և ջրի երեսին լողացող ներկերը կպնում են թղթին: Լուսանկարիչը գտնում է, որ Թուրքիան բոլոր այդ գույների միացման նման բազմաշերտ մի մշակույթ ունի:

Էբրու նախագծի շրջանակներում տպագրվել է «Էբրու` Թուրքիայի մշակութային բազմազանության արտացոլումներ» գիրքը, որը մինչ օրս թարգմանվել է երեք լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն: Հայաստանում բացվելիք ցուցահանդեսի շրջանակներում Էբրու գրքի տեքստերը թարգմանվել են հայերեն և գրքի հետ միասին ներկայացվելու են ցուցահանդեսում: Լուսանկարիչ Աթթիլա Դուրաքը ծնվել է 1967 թվականին Թուրքիայի Գյումուշհանե քաղաքում: Միջին արեւելյան տեխնիկական համալսարանի տնտեսգիտության բաժինը ավարտելուց հետո« կատարել է լուսանկարչական աշխատանքներ և աշխատել Ստամբուլի եւ Լեո Բուռնեթ ընկերություններում: Նրա աշխատանքները ցուցադրվել են աշխարհի տաս երկրներում: Այս տարի ապրիլի 24-ին Դուրաքը եղել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքվածներից մեկը, ով պահանջել է Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը: