AM
14 February 2001 - 13:11 AMT

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄԵՆԱՑԱԾՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻՑ ՄԵԿՆ ՈՒՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

14.02.01.ՄԵԴԻԱՄԱՔՍ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն ամենացածր ցուցանիշներից մեկն ունի միջին աշխատավարձի մակարդակով: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այս մասին են վկայում ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեի տվյաները: Այդ ցուցանիշն հաշվարկվել է ազգային բանկերի տրամադրած ԱՄՆ դոլլարի փոխարժեքի վերաբերյալ տվյալների հիման վրա:
Վիճակագրության համաձայն, 2000թ-ին Հայաստանում մեկ աշխատողի միջին ամսեկան աշխատավարձը կազմել է 39 ԱՄՆ դոլլար: Ամենաբարձր միջին ամսեկան աշխատավարձը եղել է Ղազախստանում` 94 դոլլար: Իսկ միջին աշխատավարձի նվազագույն ցուցանիշը պատկանում է Թաջիկսթանին` ամսեկան 8,7 դոլլար:
2000թ-ին աշխատավարձերի համեմատաբար բարձր ցուցանիշներ են գրանցվել Ռուսաստանում (81 դոլլար) եւ Բելարուսում (74 դոլլար): Միջին աշխատավարձը Ադրբեջանում կազմել է 46 դոլլար, Ուկրաինայում` 42 դոլլար, Մոլդովայում ` 33 դոլլար, Ղրղզստանում ` 25 դոլլար:
Գրանցված գործազրկության ամենաբարձր մակարդակը շարունակում է պահպանվել Հայաստանում, ուր անցած տարվա դեկտեմբերին այն կազմել է տնտեսապես ակտիվ բնակչության 10,9%: ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, անցած տարվա վերջին մեր հանրապետությունում հաշվարկվել է 153,9 հազար գործազուրկ:
Գործազրկության մակարդակը բարձր է մնում նաեւ Ուկրաինայում, ուր այն կազմել է երկրի աշխատունակ բնակչության 4,2%: Գրանցված գործազրկության մակարդակը Ղազախստանում կազմել է 3,7%, Ղրղզստանում` 3,1%, Թաջիկսթանում` 3,0%, Բելարուսում` 2,1%, Մոլդովայում` 1,8%, Ռուսաստանում` 1,4%, Ադրբեջանում` 1,2%, Ուզբեկստանում` 0,5% :