AM
6 Մայիս 2011 - 10:10 AMT

Ժնևի գրքի ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը մեծ հետաքրքրություն չի առաջացրել

Ժնևի գրքի միջազգային ցուցահանդեսի հայաստանյան մասնակիցները կարծում են, որ Հայաստանի տաղավարը մեծ հետաքրքրություն չի առաջացրել օտարերկրացիների շրջանում:

Գրող Արամ Պաչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իր կարծիքով Գրքի միջազգային ցուցահանդեսներում պետք է ներկայացնել հայկական գրքերը թարգմանություններով: «Այլազգիները Հայաստանի տաղավարին մոտենալով ցանկանում էին տեսնել գրականությունը թարգմանված: Նրանց համար անհասկանալի էր մեր տաղավարը: Արդյունքում տաղավարի գրքերն ուսումնասիրում էին միայն հայերը: Իրականում սխալ է հույս ունենալ, որ հայկական գրականությունը կհրատարակվի, եթե այն չներկայացվի ֆրանսերեն կամ անգլերեն», ասաց Պաչյանը:

Գրող Կարեն Անտաշյանը կարծում է, որ ազգային գրականության արտահանումը օտարալեզու թարգմանությամբ կարող է լավ միջոց դառնալ Հայաստանը ճանաչելի դարձնելու գործում: «Մենք մեր հայերեն գրքերով բնականաբար այդքան էլ հետաքրքիր չէնք կարող լինել հիմնականում ֆրանսալեզու գրականության մեծ տոն համարվող Ժնևի սալոնում, դրա վառ ապացույցն էին արտասահմանցիների կողմից հատկապես ալբոմների հանդեպ ցուցաբերած մեծ հետաքրքրությունը:

Սակայն Հայաստանի նման փոքր երկրի և հայալեզու գրականության այդքան փոքր լսարանի համար պատվավոր հյուրի կարգավիճակում ներկա լինելը նման հրաշալի իրադարձությանն` անշուշտ մեծ ձեռքբերում է», -ասել է Անտաշյանը: