AM
12 May 2011 - 05:48 AMT

Երևանի Կամերային թատրոնը կներկայացնի «Տիտանիկ, made in Armenia» ներկայացման նոր տարբերակը

Մայիսի 18-ին և 19-ին Երևանի Կամերային թատրոնում կկայանա «Տիտանիկ, made in Armenia» ներկայացման նոր տարբերակի պրեմիերան: Բեմում կրկին հանդես կգա ավագ դերասանական հնգյակը` Գեորգի Ամիրաղով, Գրիգոր Բաղդասարյան, Իրինա Դանիելյան, Ռուբեն Փաշինյան և Մանուկ Հախվերդյան: Տարբեր տարիներին նրանք խաղացել են այդ ներկայացման մեջ, որն այս տարի ոչ ավել, ոչ պակաս 18 տարեկան կդառնա:

Ներկայացման սյուժեն հետևյալն է. «Տիտանիկ-2» նավը` այսպես կոչված ժամանակակից «Նոյան տապանը» փորձում է փրկել մարդկության մնացորդները: Կապիտանն ու նրա աջ ձեռքը` Բոցմանը վստահ վարում են նավը դեպի «զյույդ-վեսթ»` իրենք էլ չհասկանալով, թե դա ինչ է նշանակում և ինչու շարժվել այդ կողմ: Նավի վրա այլ ուղևորների թվում, որոնք հենց հանդիսատեսներն են, հայտնվում են Բանաստեղծը, որին ոչ մի կերպ չեն կարողանում կիրառություն գտնել, Մաեստրոն և Գեղեցիկը: Վերջապես «40 օր և 40 գիշեր տեղացած անձրևը» դադարում է և փրկության հույս է հայտնվում. հեռվում նշմարվում է Արարատը: Սակայն, ցավոք, պարզվում է, որ լեռան ստվերը միշտ էլ երևացել է, այսինքն` ոչինչ չի փոխվել, նավը տեղից չի շարժվել: