AM
12 Մայիս 2011 - 12:29 AMT

Հնչակյան կուսակցություն. Քոչարյանը վախենում է Սերժ Սարգսյանի ու ՀԱԿ-ի միջև երկխոսության հնարավորությունից

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վախեցած է Սերժ Սարգսյանի ու ՀԱԿ-ի միջև երկխոսության հնարավորությունից, ինչպես նաև 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետաքննությունից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ, սոցիալ-ժողովրդավարական Հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը: Ըստ նրա, այդ մասին է վկայում Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը: Ըստ Սարգսյանի, հենց Ռոբերտ Քոչարյանն է 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների գլխավոր մեղավորը: Նա հավելել է նաև, որ կասկածում է Սերժ Սարգսյանի անկեղծությանը՝ մարտի 1-ի դեպքերի բացահայտման հարցում՝ նշելով, որ վերջինս նույնպես պատասխանատվություն է կրում այդ իրադարձությունների համար:

«Մեդիամաքս» գործակալությանը տված իր վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հերքել է իր մեղքը մարտի 1-ի իրադարձությունների համար՝ ասելով, որ մեղքն իր վրա բարդելու բոլոր փորձերի պատճառը վախն է «Քոչարյանի քաղաքական գործոնի» առջև: Նա հայտարարել է նաև, որ ողջունում է իշխանությունների ու ընդդիմության երկխոսությունը, եթե այն ուղղված է քաղաքական պայքարի քաղաքակիրթ կանոնների հաստատմանն ու ծայրահեղականությունից հրաժարվելուն: «Իսկ եթե երկխոսությունը վերաբերում է քաղաքական պայքարի իմիտացիային (համապատասխան բոնուսների դիմաց), ապա դա ավելի շուտ գործարք է ընտրողների թիկունքում»,-ասել է նա: Ընդ որում Քոչարյանը նշել է,որ տեղյակ է, թե այժմ կոնկրետ ինչ է տեղի ունենում իշխանության ու ընդդիմության միջև: «Փառք Աստծո, ես այդ գործընթացին չեմ մասնակցում»,-ասել է նա: