AM
16 May 2011 - 07:06 AMT

Խաչատրյան տրիոն մեծ շրջագայության առաջարկ է ստացել Ավստրալիայում

Մայիսի 6-ին և 7-ին Սիդնեյի (Ավստրալիա) Independent Theatre-ում տեղի են ունեցել Խաչատրյան տրիոյի համերգները՝ սոպրանո Արաքս Մանսուրյանի և դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանի մասնակցությամբ: Համերգի ժամանակ հնչել են հայ և օտարերկրացի հեղինակների երաժշտական ստեղծագործություններ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց Տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը, որը նոր է վերադարձել Ավստրալիայից, հանդիսատեսը խմբին օվացիաներով է ճանապարհել: Համերգների նախօրյակին տրիոն տեղի ուսանողների և աշակերտների համար վարպետության դասընթաց է անցկացրել: Շահգալդյանը նաև հավելեց, որ խումբը, համերգից հետո երկրի մի շարք քաղաքներում մեծ շրջագայություն կազմակերպելու առաջարկ է ստացել:

Համերգը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU)` Ավո և Ժակլին Թևանյանների աջակցությամբ: Խաչատրյանի անվան Տրիոն ստեղծվել է 1999 թվականին` որպես «Arsika» տրիո: Տրիոյի կազմում են Արմինե Գրիգորյանը` դաշնամուր, Կարեն Շահգալդյանը` ջութակ և Կարեն Քոչարյանը` թավջութակ: Համույթը մեծ լուսավորչական գործունեություն է ծավալում Հայաստանում. բացի Երևանից, տրիոն համերգներով հանդես է գալիս մարզերում, վարպետության դասեր անցկացնում դպրոցականների և ուսանողների հետ: 2008 թվականին համույթը վերանվանվեց և կոչվեց հայ ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունով: