AM
17 Մայիս 2011 - 09:35 AMT

Ֆյոդոր Լուկյանով. Անվտանգության տարածաշրջանային համակարգը հիմնված է ղարաբաղյան հարցում ստատուս-կվոյի վրա

«Տեսանելի ապագայում Ադրբեջանի ու Ղարաբաղի միջև պատերազմ չի լինի, սակայն Բաքվի կողմից խնդիրն ուժով լուծելու սպառնալիքներ միշտ կհնչեն»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը: Ըստ նրա, ռազմական գործողությունների մեկնարկը «ցնցումների մի ամբողջ կասկադ» կառաջացնի, որոնք ուղղակի կպայթեցնեն տարածաշրջանը:

Ռուս փորձագետն ընդգծել է, որ Բաքվի համար ղարաբաղյան հակամարտության մեջ գոյություն ունեցող ստատու-կվոն անշահավետ է, սակայն հենց դրա վրա է պահպանվում անվտանգության տարածաշրջանային համակարգը: «Խոշոր խաղացողներից ոչ մեկը չի գնա ստատուս-կվոյի խախտման, սակայն կա ներքին սթրեսի վտանգ: Լարված իրավիճակն Իրանում նախագահ-հոգևոր առաջնորդ դիմակայության համատեքստում կարող է լրջորեն բարդացնել իրավիճակը: Դեռ հայտնի չէ, թե որ ճանապարհով կգնա Իրանը՝ կրոնապետության թե կգերիշխի պարսկական ազգայնականությունը: Կարող է պատահել նաև այնպես, որ ԱՄՆ-ին կձանձրացնի Թեհրանի միջուկային խնդիրը և նա կցանկանի հարցը լուծել յուրովի: Ճիշտ է, դա քիչ հավանական է, սակայն չի բացառվում: Ամեն դեպքում, ցանկացած ցնցում կփլուզի տարածաշրջանային անվտանգության համակարգը»,-գտնում է Լուկյանովը: