ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնի դափնեկիր հալեպահայ Արամ Խաչատրյանին:
Առաջին անգամ Հայաստանում գտնվող 13 տարեկան պատանին` մասնակցելով Գյումրիում կայացած միջազգային մրցույթ-փառատոնին` «մեներգեցողություն» անվանակարգի դասական վոկալ երաժշտություն ենթաանվանակարգի տարիքային առաջին խմբում 36 մասնակիցների շարքում հաղթող է ճանաչվել և պարգևատրվել ոսկե մեդալով: Մրցույթ-փառատոնի կազմակերպիչների կողմից Խաչատրյանը պարգևատրվել է նաև դիպլոմով` որպես «Հայ հոգևոր երգի լավագույն կատարող»: Ա.Խաչատրյանը սովորում է Հալեպի «Կարեն-Եփե» ազգային վարժարանում, միաժամանակ նաև Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական դպրոցի սան է:
Շնորհավորելով շնորհաշատ հայորդուն` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մաղթեց նորանոր հաջողություններ և հորդորեց լավ մարդ և լավ հայ լինելով` մշտապես նպաստել հայկական մշակույթի պահպանման և զարգացման գործին:






