AM
19 May 2011 - 04:30 AMT

Երևանում Շվեյցարիայի և Ֆրանսիայի դեսպանների պատվին կայացավ դասական համերգ

Մայիսի 18-ին Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում կայացավ համերգ`նվիրված Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն և Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին: Համերգը կազմակերպվել է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի կողմից և ելույթ են ունեցել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» համույթը և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները: «Այս համերգը մի յուրահատուկ վերաբերմունք է այս երկու ժողովուրդների հանդեպ: Հայերը շատ լավ գիտեն, թե պատմական ժամանակաշրջանից ինչպիսի լավ վերաբերմունք են ունեցել այս երկու երկրները մեր ազգի նկատմամբ: Մենք այժմ հպարտ ենք մեր այն հայրենակիցներով, ովքեր զարգացնում են Շվեյցարիայի և Ֆրանսիայի մշակույթը և գիտությունը», համերգի ժամանակ ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» համույթի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը: Համերգի ժամանակ հնչեցին շվեյցարացի և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև երկու հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ովքեր այժմ ապրում են Ֆրանսիայում և Շվեյցարիայում: