Մայիսի 18-ին մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ ընդամենը չորս ամիս առաջ Երևանի գլխավոր ճարտարապետ նշանակված Միքայել Հասրաթյանը հրաժարական է տվել: Այդ փաստը կապվում է կառավարության շենքի աշտարականման կառույցի հետ: «Հրապարակ» թերթը նշում է, որ ամենայն հավանականությամբ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնին կվերադառնա Հայաստանի գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանը:
Շուրջ երկու տարի հետո Հանրապետության հրապարակում վեր կխոյանա 50 մետր բարձրությամբ եւ շուրջ 30 մետր տրամագծով հսկա տուֆակերտ աշտարակը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքէջից: “Մայրաքաղաքի թամանյանական նախագծի այս կարեւոր բաղադրիչին անդրադառնալու խնդիրը դրված էր դեռեւս Հայաստանի երկրորդ Հանրապետության առաջին օրերից, բայց միայն այսօր էայն իրականություն դառնալու ճանապարհին”,- նշված է հաղորդագրության մեջ:
Հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի գնահատմամբ, կառուցվելիք աշտարակը լրջորեն կփոխի Հանրապետության հրապարակի դեմքը, ավարտուն տեսքի կբերի կառավարության շենքի նախագիծն ըստ սկզբնական էսքիզների եւ լուրջ ազդեցություն կունենա հարավային՝ դեպի կայարան տանող Տիգրան Մեծի պողոտայի վրա։ Նրա խոսքով, թմբուկը գլխավոր առանցք կդառնա հարավային այս պողոտային կատմամբ։ Աշտարակը կլինի Տիգրան Մեծ փողոցի առանցքի վրա, նույն ուղղության վրա են նաեւ Օպերայի շենքն ու Կասկադը:
Համաձայն տեղեկատվության, ծրագրվում է շինարարությունը մեծ թափով սկսել արդեն 3 ամսից։ Նախագծի նախահաշվայինարժեքը շուրջ 10 միլիոն դոլար է, այդ միջոցները կտրամադրվեն այն ներդրողների կողմից, ովքեր արդարադատության նախարարության այրված շենքի տեղում կառուցելու են վարչական ու բնակելի նոր համալիր։
«Պահպանենք Հանրապետության հրապարակը» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի կոչ է արվում հրաժարվել ՀՀ կառավարության շենքի թիվ 1 մասնաշենքի ետնամասում աշտարակ կառուցելու մտադրությունից: Ըստ նախաձեռնության, Ալ. Թամանյանի կողմից ի սկզբանե նախատեսված և նախագծած աշտարակի կառուցումը ժամանակավրեպ է և անտեղին, քանի որ այն իրենից ներկայացնում է թամանյանական գաղափարի փոփոխված տարբերակը: Ըստ նախաձեռնության հեղինակների, անթույլատրելի է պետական պաշտոնյաների աշխատասենյակում փակ ու անհասկանալի պայմաններում մշակել Հանրապետության գլխավոր հրապարակում իրականացվող քաղաքաշինական նման խոշորածավալ և կարևոր միջամտություն: Հանրապետության հրապարակի համալիրն այսօր էականորեն տարբերվում է Թամանյանի նախագծած հրապարակից, այդ իսկ պատճառով նախատեսվող աշտարակի կառուցումը կխաթարի հրապարակի առկա համընդհանուր տարածական լուծումը և այլն: