AM
19 May 2011 - 09:21 AMT

Մեկնարկում են Բելառուսի օրերը Հայաստանում

Մայիսի 19-ին «Մոսկվայի տանը» բելառուսական ֆիլմերի ցուցադրությամբ կմեկնարկեն Բելառուսի օրերը Հայաստանում: Օրերի շրջանակներում կներկայացվեն «Բելառուսֆիլմ» կինոընկերության 4 ֆիլմեր, որից առաջինը կլինի «Անաստասիա Սլուցկայա» ֆիլմը: Մյուս օրերին կցուցադրվեն «Բրեստի ամրոցը», «Մասակրա» և «Ռիժիկը հայելիների աշխարհում» ֆիլմերը:

Բելառուսի օրերը կշարունակվեն մինչև մայիսի 22-ը: Բելառուսի մշակույթի փոխնախարար, Բելառուսի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Կարաչևսկին լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս օրերը շատ օգտակար կլինեն երկու երկրների համար, և մասնակիցները մեկը մյուսից շատ բան կսովորեն: «Հայաստանի և Բելառուսի միջև մշակութային հարաբերությունները քաղաքական հարաբերություններին հավասար են ընթանում: Հենց մշակույթն է հարթում տարբեր երկրների միջև սուր անկյունները, չնայած, որ մեր երկրների միջև նման խնդիրներ չկան: Էկոնոմիկան փոփոխական է, իսկ մշակույթը` հավերժ», ասաց Կարաչևսկին:

Բելառուսական օրերի շրջանակներում մայիսի 20-ին Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի տանը տեղի կունենա Բելառուսի ժամանակակից թանգարանի «Յուվելիրկա» հավաքածուի ցուցահանդեսի և ժողովրդական արհեստների ու ստեղծագործության ցուցահանդես-տոնավաճառի բացումը, որի շրջանակներում տեղի կունենան վարպետության ցուցադրական դասընթացներ` գոտիների հյուսում, ջուլհակություն, բրուտագործություն և այլն:

Մշակութային օրերի գագաթնակետը կլինի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք գալա համերգը, որին կմասնակցեն Բելառուսի պարի պետական անսամբլը (գեղարվեստական ղեկավար Վալենտին Դուդկևիչ), «Չիստի գոլոս» վոկալ համույթը և ակկորդեոնահար, միջազգային մրցույթների դափնեկիր Իգոր Կվաշեվիչը: Մինչև մայիսի 22-ը համերգներ անց կկացվեն Արմավիրում և Գյումրիում:

Համաձայն նախնական տվյալների, Բելառուսում Հայաստանի օրերը տեղի կունենան 2013 թ-ին: