AM
19 May 2011 - 10:33 AMT

«Ստեփանավանի ճանապարհների շահագործում եւ շինարարություն» ընկերությունը 25 մլն. դրամի հարկ չի մուծել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ`հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ:

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ստեփանավանի ճանապարհների շահագործում եւ շինարարություն» ՍՊ ընկերության տնօրեն Ս. Ջիլավյանը 2009-2010թթ. ընթացքում կազմել եւ տարածքային հարկային տեսչություն է ներկայացրել հիշյալ ընկերության` 2009թ. հուլիս-նոյեմբեր եւ 2010թ. մարտ-հունիս ամիսների ԱԱՀ –ի կեղծ հաշվարկներ, ինչպես նաեւ` 2009թ. գործունեության վերաբերյալ տարեկան կեղծ հաշվետվություն: Ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, այն է` իրացման շրջանառությունը թաքցնելու, պակաս ցույց տալու, ԱԱՀ-ի անհիմն հաշվանցումներ, նվազեցումներ կատարելու միջոցով, ՍՊ ընկերության տնօրենը չարամտորեն խուսափել է ընդհանուր առմամբ 25 167 120 դրամ առանձնապես խոշոր չափերի հարկերը պետական բյուջե վճարելուց:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, հաղորդում էՀՀ դատախազության հանրային կապերի վարչությունը: