Մայիսի 20-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա հայ կոմպոզիտոր Հենրիկ Անասյանի Դուդուկի կոնցերտի հայաստանյան պրեմիերան, որի մենակատարն է Գևորգ Դաբաղյանը:
Համերգը կայանալու է վաստակավոր կոլեկտիվ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգի ժամանակ, որին կմասնակցեն քանոնահարուհի Կարինե Հովհաննիսյանը և դուդուկահար Գևորգ Դաբաղյանը: Համերգի դիրիժորն է Ռուբեն Ասատրյանը: «Այս համերգը հիանալի հնարավորություն է ցույց տալու հայ կոմպոզիտորներին, թե ինչպես է պետք օգտագործել ազգային մեղեդիներն իրենց ստեղծագործություններում, այլ ոչ թե վերածել ռեստորանային երաժշտության», լրագրողներին ասաց Դաբաղյանը:
Ծրագրում հնչելու են նաև Խաչատուր Ավետիսյանի Քանոնի թիվ 2 կոնցերտը` մենակատար` Կարինե Հովհաննիսյան, և Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան: Հենրիկ Անասյանի Դուդուկի կոնցերտի պրեմիերան տեղի է ունեցել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում: Կոմպոզիտորի խոսքերով այս կոնցերտը գրելիս նա նկատի է ունեցել այն, որ վերջերս ողջ աշխարհում աճել է դուդուկի հանդեպ հետաքրքրությունը, և իր նպատակն է նպաստել այդ գործիքի միջազգայնացմանը: