AM
19 May 2011 - 13:48 AMT

Երևանում կցուցադրվեն ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի գործերը

Մայիսի 20-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի անհատական ցուցահանդեսը, որը նվիրված է լինելու նկարչի ծննդյան 90-ամյակին: Ռ. Ժերանյանի կտավների թեմատիկ, ժանրային, ոճական ընդգրկումը չափազանց լայն ու բազմազան է: Ընդհանրական կերպով միայն կարելի է ընդգծել իրապաշտական, սեզանական-կուբիստական պատկերային մտածողությունից մինչև սյուրռեալիզմ:

Խորհրդային տարիներից` 1950-ական թվականներից ի վեր, արվեստագետը պարբերաբար ցուցադրվել է Հայաստանում, պատկերել հայկական բնությունն ու մշակութային կոթողները:

Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 3-ը:

Ռ. Ժերանյանը ծնվել է 1921 թ. հուլիսի 17-ին Սեբաստիայում, վաղ հասակում տեղափոխվել է Ֆրանսիա: Նա կրթություն է ստացել Մարսելի Գեղարվեստի դպրոցում, Փարիզի «Ժյուլիեն» և «Գրան Շոմիեր» ակադեմիաներում: Նա բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր քաղաքներում (Փարիզ, Մարսել, Բեյրութ, Թեհրան, Ժնև, Մյունխեն, Նյու Յորք, Վաշինգտոն, Դալլաս, Երևան, Լենինական և այլն), արժանացել մի շարք մրցանակների, այդ թվում` Բնանկարի Հոնֆլյորի մրցանակի (1952), Դովիլ քաղաքի Մեծ մրցանակի (1952), Փարիզ քաղաքի արծաթե մրցանակի (1955), Արվեստի և գրականության մրցանակի (Փարիզ, 1955), Շատո դը Սկո (Փարիզ, 1956), Պալե Ռոյալ (Փարիզ, 1957), «Արվեստները Եվրոպայում» ցուցահանդեսի մրցանակի (Բրյուսել, 1964), Գծանկարի` Եվրոպայի 1-ին մրցանակի (Մոնակո, 1966), Մարտիրոս Սարյանի անվան Հայաստանի Նկարիչների միության մրցանակի (Երևան, 1987):