AM
19 May 2011 - 17:22 AMT

Ռուսական արվեստի թանգարանը հերթական անգամ կհիշի իր հիմնադրին

Մայիսի 27-ին` Սարդարապատի հերոսամարտի նախօրյակին, Ռուսական արվեստի թանգարանում կկայանա միջոցառում` նվիրված թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր Արամ Աբրահամյանին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց թանգարանի աշխատողը, միջոցառման ընթացքում ցուցադրվելու է «Մոսֆիլմի» և «Հայֆիլմի» համատեղ ֆիլմը պրոֆեսորի մասին, զեկույցներ և կներկայացվեն Աբրահամյանի գործունեության մասին պատմող նյութեր:

Արամ Հակոբի Աբրահամյանը եղել է հայ սովետական բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտությունների վաստակավոր գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս: Ծնվել է 1898թ. դեկտեմբերի 31-ին Թիֆլիսում: 1924-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Մինչև 1930 թվականը աշխատել է նույն համալսարանի ուռոլոգիական կլինիկայում, այնուհետև` մարզային գիտահետազոտական կլինիկական ինստիտուտում: 1950 թվականից ղեկավարում էր այդ ինստիտուտի ուռոլոգիական կլինիկան: Ուռոլոգների միջազգային ընկերության անդամ էր, համամիութենական գիտական ընկերության նախագահ: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Երևանի զինվորական հոսպիտալներում ղեկավարել է ուռոլոգիական բաժանմունքներ: Աբրահամյանը հետազոտել է երիկամների ջրակալման, նորագոյացությունների, միջազգային հիվանդության և միզուկի տրավմատիկ նեղացումների վիրահատական բուժման հարցերը: Այս ամենից բացի, նա մասնակցել է Սարիղամիշի և Սարդարապատի հերոսամարտերին և եղել է մեծ արվեստասեր: Նա իր հավաքածուի մեջ ունեցել է բազմաթիվ ռուսական գեղանկարչական արվեստի նմուշներ, որոնք հետագայում տեղափոխել է Երևան, ինչի հիման վրա էլ 30 տարի առաջ ստեղծվեց Ռուսական արվեստի թանգարանը: